Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ Է ՄՏԵԼ»

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ Է ՄՏԵԼ»
22.11.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Ի՞նչ է իրենից ներկայացնում 2012 թ. պետական բյուջեի նախագիծը:
-Նախագիծը մի քանի տեսանկյուն կարելի է քննարկել: Նախ` այն գործընթացների, որ այսօր ընթանում են հարավային Եվրոպայում. երկրները, որոնք բավականաչափ ուշադրություն չեն դարձրել մակրոտնտեսական կայունության բաղկացուցիչներին, գնացել են խնդիրների լուծման` առանց հաշվի առնելու իրենց հնարավորությունները, այսօր բախվում են լուրջ խնդիրների:
-Ինչո՞ւ, տնտեսությունը չի ներում անուշադրությունը:
-Տնտեսությունը ռեալ օրգանիզմ է, ներելը գուցե ներում է, բայց համարժեք զոհողության դիմաց: Ճգնաժամի հաղթահարման հրամայականից ելնելով՝ մենք ստիպված էինք ունենալ բարձր դեֆիցիտ, դա անհրաժեշտ էր ճգնաժամային շրջանում մեր բոլոր սոցիալական ծրագրերը պահպանելու և տնտեսության մեջ ներդրումներ անելու համար: Այդ պատճառով մենք դիմեցինք մեծ վարկերի ներգրավման, և դեֆիցիտը կազմեց ՀՆԱ-ի 7,75 տոկոսը: Ակնհայտ է, որ այդպիսի բարձր դեֆիցիտ ունեցող երկիրը տևական ժամանակ կայուն զարգացում ունենալ չի կարող, և պետք էր հետևողականորեն նվազեցնել այն: Եթե անդրադառնանք դեֆիցիտի նվազեցման դինամիկային, կտեսնենք, որ վտանգավոր գոտուց հեռացել ենք` 2009-ին ունեցել ենք ՀՆԱ-ի մեջ 7,55 տոկոս դեֆիցիտ, 2010-ին` 5, 2011-ին 3,95, 2012-ի համար նախատեսվում է 3,1 տոկոս: Այսինքն` մեր մակրոտնտեսական կայունության հենասյուներից մեկը վերադառնում է հուսալի վիճակի: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված տնտեսական աճը և գնաճը մենք ապահովելու ենք: Հաջորդ տարվա համար ծրագրվել են 4,2 տոկոս տնտեսական աճ և 4,1 տոկոս գնաճ: Հավելենք, որ ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ հաջորդ տարվա համար նախատեսված է արտահանման աճի՝ ներմուծման աճից եռակի բարձր տեմպ: Փաստորեն, մենք վերադառնում ենք կայուն տնտեսական աճ բնութագրող ցուցանիշներին:
-Համաշխարհային տնտեսությունը վերուվարումների մեջ է ճգնաժամի երկրորդ ալիքից կամ երկրորդ ճգնաժամից, 2012 թ. բյուջեի նախագծով մեր տնտեսությունը պաշտպանվա՞ծ է այդ առումով:
-Այո, մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել: Նախքան ճգնաժամը, շրջափակման պայմաններում բարձր տնտեսական աճի, աղքատության կտրուկ նվազեցման, աշխատատեղերի ստեղծման, սոցիալական խնդիրների լուծման բեռն իր վրա էր վերցրել շինարարության ոլորտը: 2008 թ. ՀՆԱ-ի մեջ շինարարությունը 35 տոկոս էր կազմում, միաժամանակ ոլորտի 60 տոկոսը բնակարանային շինարարությունն էր, որը մեծ մասամբ պայմանավորված էր արտաքին տրանսֆերտներով, և երբ տրանսֆերտները կտրուկ պակասեցին, շինարարությունը կտրուկ նվազեց՝ էապես պայմանավորելով ՀՆԱ-ի անկումը: Այսօր 2008 թ. համեմատությամբ իրավիճակն այլ է. շինարարությունը ՀՆԱ-ի մեջ 35-ի փոխարեն 25 տոկոսն է կազմում, միաժամանակ ոլորտում ավելացել են տնտեսության ճյուղերը սպասարկող բաժինները, մասնավորապես՝ էներգետիկայի, ջրամատակարարման ենթակառուցվածքների, ճանապարհների շինարարության: ՀՆԱ-ում 5 տոկոսով ավելացել են ծառայությունների, 3 տոկոսով` արդյունաբերության և 2 տոկոսով` գյուղատնտեսության բաժինները: Հատկապես ուրախալի է արդյունաբերության ոլորտի առաջանցիկ աճը. 11,5 տոկոս՝ այս տարի, և 7,5 տոկոս՝ 2012 թվականին:
-Այդ ամենը շատ կարևոր է, բայց շարքային քաղաքացուն առանձնապես չեն հետաքրքրում դիվերսիֆիկացիայի մակարդակն ու մակրոտնտեսական ցուցանիշները, նրան հետաքրքրում է իր կենսամակարդակը: Կենսամակարդակի բարելավման, աշխատատեղերի ստեղծման, գնաճի կանխման առումով բյուջեի նախագիծն ի՞նչ է նախատեսում:
-Որպեսզի լավ հասկանանք, թե 2012-ի բյուջեի նախագծման ինչ մեկնարկային պայմաններ ունենք, պիտի երկու փաստ հաշվի առնենք. երբ նվազեցնում ենք դեֆիցիտը, նույն չափով նվազում է բյուջեի ծախսային մասը, և երկրորդ՝ եկող տարի էապես նվազելու են պաշտոնական դրամաշնորհներից մուտքերը: Այս երկու պատճառներով 2012 թվականին՝ 2011 թվականի համեմատ մեր ծախսերը պիտի պակասեին 57 միլիարդ դրամով: Սա էական գումար է: Առաջ է գալիս նախ ընթացիկ տարվա ծախսային մասը պահպանելու, ապա նաև նոր հատկացումների համար (սոցիալական և այլ հրատապ խնդիրներ) անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնելու խնդիրը: Այդ ճանապարհը, բնականաբար, հարկային եկամուտների ավելացումն է: Ընթացիկ տարվա համեմատությամբ հարկային եկամուտները եկող տարի ավելանում են 101 միլիարդ դրամով: Արդյունքում 2012-ի բյուջեի ծախսային մասն ընթացիկ տարվա նկատմամբ ավելանում է 41,5 միլիարդով:
-Հենց 101 միլիարդը որտեղի՞ց գտանք:
-Երեք բաժիններից առաջինը եկող տարվա տնտեսական աճով պայմանավորված՝ շուրջ 62-63 միլիարդ դրամով հարկային եկամուտների ավելացումն է, երկրորդը` հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ շուրջ 12-13 միլիարդ դրամով ավելացումը, մնացած մասը կապահովվի հարկային վարչարարության կատարելագործման շնորհիվ:
-Ո՞ր ոլորտում են ծախսվելու այդ գումարները:
-10 տոկոսով ավելացվում են նպաստները և թոշակները, որը շուրջ 19 միլիարդ դրամ է, և 18 միլիարդ դրամ հատկացվում է սոցիալական փաթեթին:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական փաթեթը:
-Առաջին անգամ իրականացվող սոցիալական ծրագիր է, պետական բյուջեում պետական ծառայողներին հատկացված աշխատավարձի ֆոնդը շուրջ 180 միլիարդ է, սոցիալական փաթեթը` 18 միլիարդ: Այդ գումարն ուղղվելու է պետական ծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը: Ըստ նախնական հաշվարկների` յուրաքանչյուր շահառու, անկախ իր աշխատավարձի չափից, կստանա շուրջ 120000 դրամի սոցիալական փաթեթ: Օրինակ՝ 40000 դրամ աշխատավարձ ստացող պետական ծառայողի համար այդ փաթեթը երեք աշխատավարձի գումար կկազմի, իսկ 360000 դրամ աշխատավարձ ստացողի համար կկազմի մեկ երրորդը: Եթե այդ գումարները իբրև աշխատավարձի բարձրացում տրվեին, ապա շահառուները հարկման հետևանքով առնվազն 25 տոկոսով պակաս գումար կստանային, իսկ օժանդակությունը տրամադրվելու է առանց հարկման: Այսպիսով՝ փաթեթն ուղղված է սոցիալական ավելի խոցելի հատվածի շահերի ավելի մեծ պաշտպանվածությանը: Փաթեթում ընտրված ոլորտները նաև խրախուսելու են տնտեսական աճը և զարգացումը` հիպոթեքային, առողջապահական, կրթական, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանգստի կազմակերպման:
-2012-ի բյուջեի անունը դարձյա՞լ սոցիալական է:
-Ինչպես արդեն նշեցի՝ եկող տարի բյուջեի ծախսային մասի ավելացման առյուծի բաժինը ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը, և վստահաբար կարելի է ասել, որ 2012-ի բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն:
-Դեռ ինչքա՞ն պետական բյուջեն պետք է ուղղվի սոցիալական հարցերի լուծմանը, ժամանակը չէ՞, որ բյուջեն այլ կառուցվածք ունենա, բավարար ռեսուրսներ չունե՞նք զարգացման բյուջեի մասին մտածելու համար:
-Բոլոր խնդիրների լուծումը պայմանավորված է կայուն տնտեսական աճով: Մենք եկող տարվա համար ունենք կայուն տնտեսական աճ ապահովելու բավականին լավ հնարավորություններ. դեֆիցիտի և գնաճի ցածր մակարդակ, տնտեսության դիվերսիֆիկացիայի ավելի բարձր մակարդակ, ներմուծման աճի նկատմամբ արտահանման աճի ավելի բարձր մակարդակ և 4,2 տոկոս տնտեսական աճ: Այս ամենը վկայում է, որ մեր տնտեսությունը կայուն զարգացման փուլ է մտել աննախադեպ ճգնաժամից հետո:
-Կենսաթոշակների և նպաստների 10 տոկոս աճը բավարա՞ր է, որ մարդիկ իրենց ապրուստն ապահովեն:
-Իհարկե, ես չեմ ասում, որ այն թոշակներն ու նպաստները, որ եկող տարի կստանան մեր ամենաանապահով խավի ներկայացուցիչները, կբավարարեն իրենց խնդիրների լուծմանը, նրանց վիճակն ավելի վատ չի լինի, քան այս տարի: Ե՛վ նպաստառուները, և՛ կենսաթոշակառուները 10 տոկոսի հավելում կունենան, մինչդեռ գնաճը շուրջ 2 անգամ պակաս կլինի:
-2012-ը նախընտրական է, դա բյուջեի վրա չի՞ ազդել:
-Կա ավելի կարևոր խնդիր` կայուն տնտեսական աճ ապահովող մակրոտնտեսական կայունություն. մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի մեծ ծախսեր, երբ չունենք համապատասխան մուտքեր, չենք կարող դեֆիցիտի մեծացում թույլ տալ: Հարավային Եվրոպայում ընթացող գործընթացներն ասածիս լավագույն ապացույցն են: Ես կարծում եմ, որ նախընտրական տարվա մեր կարգախոսը կարող է լինել` «Կայուն տնտեսական զարգացումը վերադառնում է Հայաստան»:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ